Ուկրաինային մատակարարվող զենքը կարող է ուժերի հարաբերակցության վրա ազդող գործոն դառնալ և գուցե կանխել երրորդ համաշխարհայինը

Փորձություններով լի երկու ամիս է, ինչ Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությունը Ադրբեջանի գործուն ջանքերով շրջափակման մեջ է ապրում, քանի որ ադրբեջանական կեղծ բնապահպաները փակել են Արցախը Հայաստանին, ասել է թե արտաքին աշխարհին կապող միակ մարդասիրական ճանապարհը: Դա բավարար չէ, Ադրբեջանը Արցախին զրկել է նաև գազ ունենալու հնարավորությունից՝ փակելով իրենց վերահսկողության տակ գնվող՝ Հայաստանից Արցախ ձգվող գազատար խողովակը: Բերձորը, Աղավնոն, Սուսը ադրբեջանցիներին հանձնելուց հետո փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեցին նաև Արցախը սնուցող էլեկտրաէներգիայի հաղորդալարերը, համացանցային կապը, և այժմ նաև այդ կապն է խաթարված՝ արցախցիներին զրկելով էլեկտրամատակարարումից լիարժեքորեն օգտվելու հնարավորությունից: Այսօր արդեն վեցանգամյա հովհարային անջատումներով են Արցախի բնակիչները կազմակերպում իրենց առօրյան, երեխաները լիարժեքորեն կրթվելու հնարավորություն չունեն, շատ ձեռնարկություններ պարզապես փակվել են՝ ավելի սրելով այդ մարդկանց սոցիալական խնդիրները: Թերևս արցախցու վիճակը պատկերացնելու համար պետք է գոնե մեկ շաբաթով ապրել նրանց կողքին՝ նրանց հոգսերն ու դժվարությունները կիսելով: Սա միայն այդ մարդկանց ֆիզիկական կտտանքներն են, եթե կարելի է այդպես արտահայտվել: Իսկ ինչպե՞ս կարելի է դիմանալ նման զրկանքներին, եթե դրանց կողքին ամեն օր, ամեն ժամ արցախցու աչքի առաջ է պատերազմի ու ադրբեջանցի ահաբեկիչների կողմից սպանվելու, ունեզրկվելու վախը: Պատկերացնո՞ւմ է արդյոք միջազգային հանրություն հավաքական անունը ստացած Արևմուտքը արցախցու հոգեվիճակն ու կենսապայմանները, թե պարզապես հերթապահ հայտարարություններով ու հորդորներով փորձում է ասել, որ դեռ գոյություն ունի, ինչ-որ կշիռ ունի աշխարհում, որ իրեն հանկարծ բացակա չդնեն: Մինչդեռ իր հայտարարություններն Ադրբեջանի համար հնչում են որպես ձայն բարբառոյ յանապատի: Բաքվի ռեժիմն անտեսում է միջազգային հանրության բոլոր կոչերը, հորդորները, պահանջները՝ բնականաբար լավ հասկանալով, որ դրանց ոչ մի նյութական կամ բարոյական պատիժ չի հաջորդելու։ Իսկ ինքնարդարացման համար ի պատասխան՝ հայտարարում է, թե ոչ մի շրջափակում էլ չկա, հետևաբար ինչ ապաշրջաակման մասին կարող է խոսք լինել: Զուգահեռաբար Ադրբեջանի միապետ Ալիևի որդեգրած քաղաքականությունը և հռետորաբանությունը բացահայտ ցեղասպանական բնույթի են, և նա անթաքույց հավակնում է ոչ միայն Արցախի, այլև  ողջ Հայաստանի տարածքին՝ ներառյալ  Երևանը: Այդ մասին նա չի դադարում ոչ միայն տարաբնույթ հայտարարություններ անել, այլև արդեն իսկ ձևավորել է «Արևմտյան Ադրբեջանի» այսպես կոչված կոմիտե, որն իբրև զբաղվում է «պատմական Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման իրավական ու դիվանագիտական հարցերով: Իսկ այդ հատվածի տարածքը Ալիևը Հայաստանն է համարում ու միջազգային հանրությունից պահանջում աջակցել իրեն հայկական տարածքներն ադրբեջանականի վերածելու գործում: Ոչ մի կասկած չկա, որ ադրբեջանական նոր հարձակումը անխուսափելի է, ընդ որում ամենամոտ ապագայում, քանի որ բանակցություններն անպտուղ են, Հայաստանի իշխանություններն ապաշնորհ, և Ալիևը կփորձի հիմա էլ գտվել պատեհ առիթից ու զենքով գծել իր սահմանները:

Այս համատեքստում առնվազն պետք է խոսել Արևմուտքի կամ այսպես կոչված միջազգային հանրության երկակի ստանդարտների մասին, որոնց հիմքում պարզ է, որ ընկած է սեփական շահը: Տեսեք, թե ինչ ջանասիրությամբ է Արևմուտքը սատարում Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում՝ դրա համար չխնայելով ոչ միայն սպառազինություն ու նյութական միջոցներ, այլև մարդկային ռեսուրսներ տրամադրելով ուկրաինացիներին վարձկանների տեսքով: Այնինչ նացիստական և ահաբեկչական խմբավորումներին սատարող և  կոռումպացված ուկրաինական ռեժիմի ժողովրդավարական բնույթը ակնհայտորեն ձևական է: Մինչդեռ իսկապես ժողովրդավար Հայաստանը և Արցախը կանգնած են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրահրվող նոր և իրական ցեղասպանության վտանգի առջև:  Թուրքիան, որը այդպես էլ չճանաչեց 20-րդ դարասկզբին հայերին ցեղասպանելու և իրենց պատմական տարածքներից տեղահանելու մեղքը, այսօր էլ սպառնում է կրկնել իր վաղեմի ոճրագործությունը ոչ միայն Հայաստանի, այլև Հունաստանի նկատմամբ:  Ադրբեջանական միապետությունը, որն ըստ էության Թուրքիայի հոգեզավակն է, թաղված է հանցագործությունների մեջ՝ սպանելով հայ ռազմագերիներին, քանդելով հայկական գերեզմանատները և մշակութային կոթողները գրավյալ տարածքներում: Իսկ զարգացող ու չզարգացած երկրներին իբրև ժողովրդավարության լուսատու ներկայացող Արևմուտքը տեսեք, թե ում է սատարում՝ այն պետություններին, որոնք թքած ունեն իրենց բերած արժեքների վրա և աշխարհին հակառակ օրինակ են ծառայում՝ ապացուցելով, որ բռնապետական տերություններն են կեղծ ժողովրդավարության քողի ներքո ներկայացող միջազգային հանրության կողմից աջակցություն ստանում: Ուկրաինային մատուցված միայն ռազմական օգնությունը հսկայական չափերի է հասնում: Ռուս-ուկրաինական ռազմաճակատում երկու տասնյակ զրահամեքենա ոչնչացվում է մի քանի օրում: Արևմուտքը, իհարկե, շտապում է լրացնել Ուկրաինայի սպառազինության ոչնչացված պաշարները: Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է 110 միլլիոն եվրոյի զենք:  Դա մոտավորապես  ԱՄՆ մատակարարած զենքի  0,2-0,3%-ն է:  Եթե նույնիսկ Ֆրանսիան ընդհանրապես դադարի զենք ուղարկել Ուկրաինային, դա ոչ մի կերպ չի անդրադառնա ուժերի հարաբերակցության վրա: Մինչդեռ Հայաստանը զենքի սուր կարիք ունի և փնտրում է այն հեռավոր շուկաներում, պայմանագրեր կնքելով Հնդկաստանի և այլ ասիական երկրների հետ: Ֆրանսիայի կողմից Ուկրաինային մատակարարվող բոլոր զինատեսակները՝  CAESAR ինքնագնացները,  անվային  AMX-10 տանկերը,  VAB и Bastion զրահամեքենաները,  LRU  համազարկային համակարգերը, MILAN և Mistral հակատանկային համալիրները, հակաօդային պաշտպանության Cratale համակարգերը, և  Crotale հրթիռային համակարգերը  շատ ավելի անհրաժեշտ են Հայաստանին, քան Ուկրաինային: Համաձայնեք, որ տասնութ ֆրանսիական CAESAR  ինքնագնաց հաուբիցները ոչ մի բան չեն որոշում այդ պատերազմում, մինչդեռ Հարավային Կովկասում դրանք կարող են դառնալ ուժերի հարաբերակցության վրա ազդող գործոն, և գուցե նաև դրա շնորհիվ կանխել հնարավոր պատերազմը, ու Երկիր մոլորակը փրկել ևս մեկ թեժ օջախից: Իսկ ո՞վ է երաշխիք տալիս, որ հենց այդ օջախը չի վերածվի երրորդ համաշխարհայինի:

Գուրգեն Մովսիսյան