ԵԽ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է արել վիճակագրական տվյալներ հավաքել եզդի կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Եվրախորհուրդը Հայաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ զեկույցում   https://rm.coe.int/5th-op-armenia-en/1680aa1e70  նշել է, որ տիրում է հանդուրժողականության մթնոլորտ, սակայն խոսքի ազատությունը պաշտպանության կարիք ունի, պետք է կանխվեն վաղ և հարկադիր ամուսնությունները, բարելավվի կրթությունը։

«Ձեռնարկվել են գործողություններ այս վնասակար պրակտիկայի դեմ պայքարելու նպատակով, սակայն իշխանությունների կողմից պետք է արվի ավելին՝ դրա դեմն առնելու համար»,-ասված է զեկույցում։

Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին հավաքել տվյալներ ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց և երեխաների նկատմամբ գենդերային բռնության վերաբերյալ, ներառյալ վաղ և հարկադիր ամուսնությունները, և մշակել համապարփակ քաղաքականություն, որը կանդրադառնա վաղ և հարկադիր ամուսնությունների հիմքում ընկած սոցիալական, տնտեսական և մշակութային պատճառներին:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն են ասորիները, վրացիները, քրդերը, հրեաները, եզդիները, հույները, գերմանացիները  և այլն։
Ըստ ԵԽ-ի, վերջին հինգ տարիներին COVID-19 համավարակը և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների բռնկումը նպաստել են ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում որոշակի լճացմանը։