Արցախի ԱԺ պատգամավորնեը և աշխատակազմը 1մլն 13 հազ դրամի աջակցություն են ցուցաբերել սիրիահայ ընտանիքներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը 1մլն 13 հազ  ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով  տուժած սիրիահայերի ընտանիքներին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի տեղեկատվական շտաբը, որտեղ նշված էր, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

«Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։ Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701»,-ասված է հայտարարությունում: