Կիևը պատրաստ է օգտագործել բրիտանական հրթիռները՝ Ղրիմի վրա հարձակումների համար. The Times

Ուկրաինան պատրաստ է օգտագործել բրիտանական հեռահար հրթիռները՝ Ղրիմի վրա հարձակվելու համար, գրում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ այս պահին Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է հրթիռների քանակը, որոնք Լոնդոնը կկարողանա փոխանցել Կիև։ Նշվում է, որ կարելի է խոսել մինչև 240 կիլոմետր հեռահարությամբ «Harpoon» հականավային հրթիռների մասին, դրանք կարող են փոփոխվել նաև ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Մեկ այլ տարբերակ է «Storm Shadow» ավիացիոն հրթիռները՝ 560 կիլոմետր հեռահարությամբ (արտահանման տարբերակի համար՝ մոտ 250 կիլոմետր)։

Փետրվարի 8-ին բրիտանական խորհրդարանում ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռահար հրթիռները թույլ կտան ուկրաինական բանակին «ստիպել չարիքին ամբողջությամբ նահանջել երկրից՝ ոչնչացնելով օկուպացված տարածքների խորքում գտնվող նրա գաղտնարաները»։ Ըստ թերթի աղբյուրի, նրա խոսքերը ենթադրում են թերակղզու վրա հարվածների հավանականությունը։

Զելենսկու Լոնդոն կատարած այցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի օգնել Ուկրաինային։