Համբարձում Մաթևոսյանի ազգականը մեղադրվում է զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ. նա կալանավորվել է

ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականը, Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանը կալանավորվել է՝ զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին՝ ժամը 06:45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր՝ ժամը 03:00-ի սահմաններում ընկերուհու հետ գտնվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ նրանց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած անձինք, որոնք 3-ն էին եղել, սկսել էին խուզարկել զույգին: Տղամարդու հայտնածով՝ իր մոտից վերցրել էին դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերն ու հեռախոսը։ Նշված անձինք վիճաբանել էին զբոսաշրջիկների հետ, ինչից հետո նրանցից մեկը, տղամարդու դրամապանակից վերցնելով 910 եվրո, հեռացել էին: Պարեկային ծառայողները և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գյումրու Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և «Նիվա»-ով հանդերձ Ախուրյանի բաժին էին տեղափոխել 4 տղամարդուն:

Աղասի Մաթևոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է. ըստ մամուլի տեղեկությունների՝ հորեղբայրը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի  հարցմանն ի պատասխան հայտնել են, որ օրեր առաջ Գյումրիում զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկած Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ 2 ամսով կալանավորվել են։

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեկան օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։