Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր են դրել մեզ ցեղասպանել, կանխել հնարավոր է մեկ եղանակով՝ մոբիլիզացիա (տեսանյութ)

https://youtube.com/live/ePtKXpBdnY8

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայկ Նահապետյանն է։

Հայկ Նահապետյանը խոսել է․

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ․ արցախյան ազատագրված 7 տարածքները, ինչը համարվում էր Արցախի Հանրապետության անվտանգության գոտի, նա անվանեց «Հայաստանի կողմից օկուպացված տարածք»։ Հայկ Նահապետյանը նկատեց, թե «օկուպացված» բառի օգտագործումն ավելի վաղ ևս եղել է․ «Նախ, հնչել է Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ 2016-ին, երբ սկսվեցին ապրիլյան ռազմական գործողությունները, Եվրախորհուրդը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Սակայն այն, որ այժմ նման հայտարարություն անում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, այո, դա մեզ համար անսպասելի էր ու նաև արտառոց։ Բայց հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ հիմա է նման հայտարարություն հնչեցնում Սերգեյ Լավրովը։ Կարծում եմ, սա ՌԴ որոշակի վերաբերմունքն է ՀՀ օրվա իշխանության կողմից ՌԴ հանդեպ վարվող քաղաքականության։ Եթե ՌԴ-ն երեք հարթություններով ՀՀ-ի հետ ունի կնքած պայմանագրեր՝ մեր անվտանգության ապահովման համար, ու Փաշինյանի հայտարարությամբ, պարզվում է, որ այդ ամենը ՀՀ-ի համար սպառնալիք են, բնականաբար, ՌԴ-ն պետք է որոշակի ձևով արձագանքեր»։
  • «ՌԴ-ի համար շատ կարևոր է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանությունը, որպեսզի չլինի պատերազմ․ ներկայումս սա ՌԴ ռազմավարությունն է տարածաշրջանում։ Հայ-ադրբեջանական սահմանը՝ Վարդենիսից մինչև Կապան, բավականին խոցելի է և սեպտեմբերյան բախումը դա ցույց տվեց՝ մենք ունեցանք լուրջ կորուստներ։ ՌԴ-ն ասում է՝ ՀԱՊԿ-ը առաջարկում է ռազմական օգնություն, դիտորդներ, դրանից հետո, ամենայն հավանականությամբ, նաև խաղաղապահներ։ Ու եթե նրանք հայտնվեն սահմանին, ապա Ադրբեջանի ռազմական գործողությունները միանշանակորեն կանխարգելվելու են։ Բայց ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ-ին հրավիրելու փոխարեն, հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը, ասելով, թե ՌԴ-ն չի տվել քաղաքական գնահատական․․․ Իրականում Փաշինյանն է ստեղծում մեզ համար սպառնալիք՝ ռուսական զինվորական ներկայությունը չտեղակայելով հայ-ադրբեջանական սահմանին»։
  • Պատրազմը չի ավարտվել, 2020թ․ նոյեմբերին եռակողմ հայտարարությամբ հրադադարի որոշակի ռեժիմ է հաստատվել։ Եվ այն, ինչ կատարվում է Արցախի դեմ՝ Արցախի շրջափակումը ռազմական օպերացիա է։
  • Ես համակարծիք չեմ Հայաստանի ու Արցախի այն քաղաքական գործիչների հետ, թե սա ունի քաղաքական լուծում։ Ոչ։ Հակառակորդը մեզ պարտադրել է ռազմական գործողություն ու պատասխանը պետք է լինի ռազմական։
  • ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը, թե տանք 120 000 արցախցիներին, որ փրկենք 3 միլիոնին, սա մեկ անձի խոսք չէ, սա այս իշխանության քաղաքական որոշումն է․․․
  • Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը Արցախի դեմ գնա ռազմական գործողության, եթե անգամ Ալիևը դա չցանկանա՝ Թուրքիան նրան կպարտադրի․․․
  • Ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը չի հարձակվի․ կա մեկ երաշխիք՝ Արցախում պետք է հայտարարվի տոտալ մոբիլիզացիա։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում։ Պաշարված ամրոցը, եթե չի ուզում հանձնվել՝ պետք է պատրաստ լինի բոլոր ռեսուրսներով պաշտպանվելու։ Հնարավո՞ր է, այո, ես որպես զինվորական կարծում եմ, որ դա հնարավոր է։ Եթե Արցախը ինքնակազմակեպվի ինքնապաշտպանության, ապա կգտնվեն երկրներ, որոնք կօգնեն Արցախին։ Մասնավորապես, մեր հարևան երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։