Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ իրավիճակը տարածաշրջանումն մնում է փուխր և լարված․ Միրզոյան

Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ իրավիճակը տարածաշրջանումն մնում է փուխր և լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ համատեղ  մամուլի ասուլիսում։

Միրզոյանի խոսքով՝ 2020թ. Արցախի և Հայաստանի դեմ, 2021թ. մայիսին և նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված մարտահրավերները ոչ միայն նվազագույնի են հասցնում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այլև սպառնում են հայկական դեմոկրատիային։ Նախարարը հիշեցրել է, որ ահա արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, եռակողմ հայտարարության շրջանակում կոպտորեն խախտելով իր պարտավորությունները և Միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, շրջափակել է Լաչինի միջանցքը։ Նախարարը նշել է, որ սրվող ճգնաժամը կարող է վերածվել աղետի, իսկ կոչերը չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս առնչությամբ Միրզոյանն ընդգծել է գործողությունների և միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը՝ շրջափակումը և էթնիկ զտումները դադարեցնելու և ապագա ագրեսիան կանխելու համար։ Նախարարը նշել է Լաչինի միջանցք փաստահավաք միջազգային խումբ ուղարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵՄ մոնիթորինգային խմբի աշխատանքի կարևորությունը։

Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող խաղաղության և կայունության հիմք ստեղծել։ Հայաստանը բազմիցս հայտարարել է կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ամփոփել է Միրզոյանը։