Եթե ՀԱՊԿ-ն չի ասում՝ որն է Հայաստանի տարածքը, ո՞նց է դիտարկելու. Իսկ ԵՄ-ը հստակ գծագրել է. Փաշինյան

Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում և Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում․ ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին. «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի պատասխանը չենք ստացել:

Մյուս կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչու է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ը հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու: Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի  առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի՝ իրենք ինչ են դիտում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները. «Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե ոչ»:

Փաշինյանը ապա հավելեց. «Մինչև ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում  հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեփսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ թե քիչ  հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:

Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից: Քանի որ ՌԴ-ի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, որ փաստորեն դուք պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ հայկական ու ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա: Խեղճ ադրբեջանցիները  ուզում են բարձունքներ գրավել, որպեսզի հավասարակշռեն: Մենք հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ»:

Վարչապետը հավաստիացրեց․ «Այս ամենում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, կա կոնկրետ օրակարգ, կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել»: