Ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ իրենց որդիներն արդեն ողջ չեն եղել. փաստաբան

«Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը պետք է դառնա մեր հասարակության համբերության վերջին կաթիլը։ Մեր հասարակությունը այսուհետ պետք է ամեն ինչ անի խաղաղ պայմաններում որևէ զոհի գոյությունը բացառելու համար, մեր բանակի պետք է դադարի լինել մահվան բանակ»,- Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով, ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին, ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը:

«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կամ արդեն կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել: Իսկ հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով  շեղելու նպատակ է հետապնդում:

Ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսևորած հրապարակային հակասական, ոչ պրոֆեսիոնալ ու հակաօրինական վարքագիծը տվել են այդ հիմքերը»,-ասաց փաստաբանը:

Նա հավելեց, որ դեպքից հետո կառավարության նիստից տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության՝ գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս մեղադրողի ու դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ ներկայացնելով ինչ-որ վարկած:

«ՀՀ վարչապետը անկախ անձից, որևէ իրավասություն չունի որևէ քրեական վարույթի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելու, որևէ տեղեկություն կամ վարկած շրջանառության մեջ դնելու, բացատրություններ  ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու:

Գլխավոր դատախազի իրավասությունների մեջ չկա որևէ դրույթ, որ նա պարտավոր է կամ կարող է զեկույցներ ներկայացնել որևէ քրեական վարույթի վերաբերյալ ՀՀ վարչապետին»,-ասաց Նորիկյանը կոչ անելով գլխավոր դատախազին և ՔԿ նախագահին որևէ ձևով զեկույցներ, հաշվետվություններ չներկայացնել կառավարությանն ու վարչապետին, քանի որ դա Սահմանադրության խախտում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: