Թուրքիայում հայտարարվել է յոթնօրյա սուգ․ զոհերի թիվը հասել է 3381-ի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ երկրում հայտարարել է յոթօրյա սուգ։ Ամբողջ երկրում խոնարհվել են պետական դրոշները։

Արտերկրում Թուրքիայի բոլոր դիվանագիտական հաստատությունների պետաան դրոշները ևս մինչև փետրվարի 12-ի մայրամուտը կմնան խոնարհված։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD) փետրվարի 7-ին՝ ժամը 10։40-ին, հաղորդված տվյալների համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 3381 մարդ մահացել է, 20426-ը՝ վիրավորվել, 5775 շենք փլուզվել է։
Թուրքական մի շարք աղբյուրներ էլ, հղում անելով արաբական մամուլին, նշում են, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1400-ի:

Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի (պատմական Հայաստանի Մարաշ)  Փազարջըք շրջանում, որը սահմանակից է Սիրիային։
Ավելի ուշ Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 7․6 մագնիտուդ հզորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Անկարայում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում և Մալաթիայում։