Իսրայելա- իրանական պատերազմն աղետալի կլինի նաև Հայաստանի համար. 4

Սկիզբը` այստեղ

Իսրայելա- իրանական լայնամասշտաբ պատերազմը, տնտեսական վնասներից ու մնացյալ ամեն ինչից զատ, Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ: Խնդիրն այն է, որ Իրանում կան տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի, փոշու ռադիոակտիվ ամպը կարող է հասնել նաև Հայաստան, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Իրանի միջուկային օբյեկտներից որոշները մեր երկրից այնքան էլ հեռու չեն:

Նախկին իշխանությունների պաշտոնավարության շրջանում վերոնշյալ վտանգը գիտակցվում էր, հիմա՝ Նիկոլի իշխանության օրոք, դժվար թե…

Դեռ 2012թ., երբ Իրանն իր թշնամիների կողմից դարձյալ հարձակման ու լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ էր հայտնվել, համապատասխան հարցմամբ դիմեցի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որի աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանի ստորագրությամբ ստացված 14.09.2012,  թիվ 7/ 091 3856- 12 պատասխանում մասնավորապես նշված է.

«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և դրանց ռմբակոծման դեպքում Հայաստանի վրա հնարավոր վտանգավոր ազդեցության վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ԻԻՀ միջուկային օբյեկտների հնարավոր ռմբակոծման կամ հրթիռակոծման հետևանքով ՀՀ տարածքի ռադիոակտիվ վարակման հարցը քննարկվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում: Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև ԻԻՀ միջուկային ծրագրի հետ կապված զարգացումների նկատմամբ սահմանված է համապատասխան մշտադիտարկում:

Ինչ վերաբերվում է այդ օբյեկտների հեռավորությանը, ապա ՀՀ պետական սահմանից և Երևանից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքների՝ ուղիղ գծով մոտավոր հեռավորությունները համապատասխանաբար սրանք են»:

Այնուհետև պաշտոնական պատասխանում ներկայացված են Իրանի միջուկային օբյեկտներ ունեցող քաղաքների ուղիղ գծով հեռավորությունները (թվերից առաջինը՝ ՀՀ պետական սահմանից, երկրորդը՝ Երևանից). Թավրիզ՝ 80 կմ, 281 կմ, Սահանդ՝ 135 կմ, 322 կմ, Բոնաբ (Գյուղատնտեսությունում ատոմային էներգիայի կիրառման հետազոտական կենտրոն)՝ 170 կմ, 342 կմ, Ղազվին՝ 436 կմ, 648 կմ, Չալուս՝ 513 կմ, 718 կմ, Քերեջ՝ 535 կմ,  745 կմ, Թեհրան՝ 573 կմ, 785 կմ, Էրակ՝ 613 կմ, 817 կմ, Պարչին՝ 611 կմ, 821 կմ, Նեքա՝ 663 կմ, 860 կմ, Ֆորդու՝ 658 կմ, 867 կմ, Նաթանզ՝ 780 կմ, 992 կմ, Սպահան՝ 844 կմ, 1053 կմ, Յեզդի՝ 1065 կմ, 1276 կմ, Թաբաս՝ 1118 կմ, 1324 կմ, Ֆասա՝ 1295 կմ, 1501 կմ, Բուշեր՝ 1183 կմ, 1376 կմ…

Պատասխանի վերջում նշված է. «Ձեր հարցման մեջ բարձրացված որոշ հարցերի պատասխաններ Դուք կարող եք ստանալ՝ այցելելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Սակայն կցանկանայինք նախազգուշացնել, որ ելնելով մեր և հարևան երկրի անվտանգության նկատառումներից, այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:

Ընդգծենք, որ Հայաստանի տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության վտանգն էլ ավելի մեծ կլինի, եթե Իսրայելն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար միջուկային զենք օգտագործի, իսկ որ իսրայելա- իրանական պատերազմի դեպքում Իսրայելը միջուկային զենք կօգտագործի, կասկածից գրեթե դուրս է: Դրա համար առնվազն երկու պատճառ կա:

Առաջինն Իրանին մեծագույն վնաս պատճառելով ու կաթվածահար անելով, պատերազմը հնարավորինս արագ ավարտելն է, քանի որ, հակառակ պարագայում, Իրանի ռազմական հզորությունը, մասնավորապես, թևավոր, բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ԱԹՍ-ների մեծ պաշարները թույլ կտան Իսրայելն ավերել, պատճառել այնպիսի վնասներ, որոնք այդ երկրի համար ուղղակի աղետալի կլինեն (Իրանը ոչ Սիրիա է, ոչ Իրաք, ոչ էլ, առավել ևս, Լիբանան կամ Պաղեստին):

Երկրորդն Իրանի միջուկային օբյեկտներից որոշների ստորգետնյա և լավ պաշտպանված լինելն է, որոնք ոչ միջուկային, սովորական սպառազինությամբ դժվար թե հաջողվի խոցել:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ միջազգային հարաբերություններում իրեն անպատիժ զգացող, լկտի ու սանձարձակ քաղաքականությամբ աչքի ընկնող Իսրայելը միջուկային զենք օգտագործելու առումով բնավ կաշկանդված չէ, ինչպես կաշկանդված չեղավ ԱՄՆ-ը Հերոսիման ու Նագասակին ռմբակոծելիս:

Առանձին ուշադրության է արժանի այն հարցը, թե Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու համար իսրայելը որտեղից է օդ բարձրացրել իր ԱԹՍ-ները՝ ի՞ր, թե մի այլ երկրի տարածքից…

Նախ նշենք, որ այս առումով արժանահավատ չէ այն տեղեկությունը, թե անօդաչու թռչող սարքերը գործարկվել են անջատողական քրդական կազմակերպությունների օգնությամբ, որոնք կարող էին դրանք ձեռք բերել Իրաքյան Քրդստանից: Այս տեղեկությամբ ակնարկվում է, թե ԱԹՍ-ներն օդ են բարձրացվել Իրաքյան Քրդստանի կամ Իրաքի տարածքից:

Ըստ ռուս հայտնի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի, Իրանի վրա զանգվածային հարձակման համար ԱԹՍ-ներն արձակվել են Ադրբեջանի տարածքից, ինչը միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք ռազմական ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա սերտ համագործակցությունը, Ադրբեջանում Իսրայելի վաղուցվա ներկայությունը, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի և Իրանի միջև լարված հարաբերությունները: Հիշենք նաև մի քանի տարի առաջ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Մեկ այլ խնդիր է, թե Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի խոցված օբյեկտներում (խոսքը Սպահանում չորս օբյեկտի մասին է) ինչ է եղել կամ արտադրվել: Այս առումով տարբեր տեղեկություններ կան: Ըստ Սեմյոն Պեգովի, կա վարկած, որ բացի գործարաններից, որտեղ արտադրվում էին զինամթերք և անօդաչու թռչող սարքեր, հարձակման են ենթարկվել նաև Իրանի գաղտնի միջուկային օբյեկտները:

Նկատի ունենալով հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը կատարված հարձակումը, Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հավաստիացրել է, որ պաշտպանության նախարարության օբյեկտների վրա հարձակումը չի ազդի միջուկային արդյունաբերության զարգացման Թեհրանի ծրագրերի վրա։

Հարկ է հիշել, որ Իրանը ժամանակին ծանուցել էր ՄԱԳԱՏԷ-ին, որ Քարաջի միջուկային օբյեկտում մինչև 2021թ. հունիսն իրականացված միջուկային գործունեության մի մասը տեղափոխվել է Սպահան։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ անցյալ ամառ ասել էր, որ իր երկիրը պատրաստ է հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագրի զարգացման պատճառով:

Ըստ Twitter-ում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կատարած գրառման, հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի և արկերի արտադրությանը, ամերիկյան աղբյուրների տեղեկացմամբ՝ բալիստիկ հրթիռների:

Բացի Սպահանի ռազմական օբյեկտներից մի քանիսին և Ազարշահր քաղաքում (Թավրիզի մոտ) գտնվող շարժիչային յուղերի արտադրության գործարանին հասցված հարվածներից, տեղեկություններ կան նաև Մալարդում զինամթերքի պահեստին ԱԹՍ-ով հարվածելու մասին: Իրանի վրա ԱԹՍ-ներով կատարված վերոնշյալ հարձակումներից հետո ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ թշնամիներն Իրանի դեմ համակցված (հիբրիդային) պատերազմ են վարում, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը փետրվարի 1-ին ասել է. «Մենք ի զորու ենք ներթափանցել թշնամու սրտի խորքը, մենք փորձարկել ենք բոլոր սպառնալիքները և չենք մտահոգվում»:

 

Արթուր Հովհաննիսյան