Չորս երկրներ Ստամբուլում փակել են իրենց հյուպատոսությունները

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել են այցելուների ընդունելությունը քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին։

Գործակալության տեղեկություններով՝ Բեյօղլուի կենտրոնական շրջանում գտնվող Իստիքլալ հետիոտնային փողոցում գտնվող՝ Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսության ծառայությունները կմատուցվեն առցանց։

«Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունն այս պահին նախազգուշական նկատառումներով փակ է հանրության համար»,-ասված է բրիտանական դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 1-ին Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունն ընդհատել է իր աշխատանքը։ Վիզային և անձնագրային բոլոր հարցերը ժամանակավորապես դադարեցվել են։

Մինչ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը երկուշաբթի՝ հունվարի 30-ին, նախազգուշացրել էր իր հայրենակիցներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների վտանգի մասին։ Դիվանագիտական առաքելության տեղեկատվության համաձայն առավել վտանգավոր կարող են լինել Ստամբուլի հետևյալ շրջանները ՝ Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ, Իսթիքլալ փողոց։