Սա վերջին առերեսումն է, որին զոհվածների ծնողները մասնակցում են. եթե պետք է բերման ենթարկեն, թող ենթարկեն. փաստաբան

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնության ենթարկելու գործով առերեսումները շարունակվում են։

«Սա վերջին առերեսումն է, որին զոհվածների ծնողները մասնակցում են,- այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:- Սա իրենց դիրքորոշումն է, որը բխում է առերեսումների բովանդակությունից: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն առերեսումը կատարվում է դատավարական մասնակից անձանց միջև  այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են ակնհայտ հակասություններ կոնկրետ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ: Մենք 2-3 առերեսումից հետո տեսանք, որ այդպիսի հակասություններ  ծնողների և  ոստիկանների ցուցմունքներում չկան: Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելով, և ոստիկանները չեն  հերքում, որ օրինական պահանջ չեն ներկայացրել: Հետևաբար, այս առերեսումներն ինքնպատակ են, առերեսումներ պետք է կատարվեն ոստիկանների  միջև, տարբեր ծառայությունների աշխատակիցների և  հրամանատարական կազմի միջև, քանի որ  նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, եթե որոշեն ծնողների նկատմամբ դատվարական միջոցներ կիրառել, օրինակ, բերման ենթարկեն, թող բերման ենթարկեն, դա կլինի անօրինական:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: Մասնավորապես, այսօր զոհված զինծառայողների ծնողները առերեսվել են կարմիրբերետավորների հրամանատարի հետ: