Ահա թե ինչու էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասրյանն այդքան խուճապահար լրագրողի հարցից ու նրա խոսափողից

Երբ ասում ենք, որ բանակում բարդակ է, անշուշտ, նկատի ունենք ոչ թե բանակի՝ պոռնկատան վերածված լինելը, այլ նշված բառի փոխաբերական իմաստը, այսինքն՝ բանակում խառնաշփոթ, անկարգապահ վիճակը, որն Ազատ գյուղում զորանոցի հրդեհից կարճ ժամանակ հետո, երեկ, ցավոք, իր հերթական հաստատումը ստացավ:

«Պաշտպանության նախարարություն» կոչվածի այսօրվա հաղորդագրության համաձայն , «Հունվարի 29-ին, նախնական տվյալներով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»:

Հավելենք, որ Ա. Ա.-ին արդեն վիրահատել են, բժիշկները վիճակը շարունակում են գնահատել ծայրահեղ ծանր:

Ինչպես արդեն նշել ենք հունվարի 27-ի մեր «Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը. 6» վերտառությամբ հրապարակման  մեջ, կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 922-Լ որոշման   համաձայն, Գլխավոր շտաբն իրականացնում է զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումներ:

Վերը ներկայացվածից ակնհայտ է, որ ԶՈւ Գլխավոր շտաբը զինված ուժերի անձնակազմի զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու իմպերատիվ (ոչ հայեցողական, այլ պարտադիր կատարման ենթակա) պարտականություն ունի: Կառավարության նույն որոշման համաձայն՝ Գլխավոր շտաբի պետը «պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար»:

Այս ամենի համատեքստում լիովին հասկանալի է, թե ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ինչու է խուսափել պատասխանել լրագրողի հարցին; Թեև վերջինս գործել է իր մասնագիտական իրավասությունների, գործառույթների շրջանակում, Հայաստանի, Արցախի և հայության թիվ 1 ներքին թշնամու՝ Նիկոլի առաջադրմամբ ԶՈւ գլխավոր շտաբի պետ առաջադրված, նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից  ԳՇ պետ նշանակված Ասրյանն իրականությունը նենգափոխելով, լրագրողին մեղադրել է իբրև դատավոր հանդես գալու մեջ, և այդ մեղադրանքով խուսափել հասարակությանը հուզող հարցերին պատասխանելուց:

Գլխավոր շտաբի պետը, եթե Նիկոլի և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հետ միասին, մեղավոր չէ բանակում բարդակ վիճակի համար, լրագրողի հարցերից ու նրա խոսափողից վախենալու պատճառ չուներ, այլ կերպ ասած, եթե վերոնշյալ իրավիճակի համար մեղավոր չէ, չունի մեղքեր, որոնք կարող են իրեն կծել, խոսփողը հաստատ չի կծի:

Երեկվա դեպքի առնչությամբ հաղորդագրությամբ  ավելի ուշ հանդես եկավ նաև Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է: Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել  այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն»:

Մի դեպքում ինժեներասակրավորային վաշտի սպան (կապիտանը), պաշտոնական տեղեկատվության համաձայն, պլաստմասե 5 լիտրանոց տարայով ավտոբենզինը բերելով, փորձել է դրանով վառարանը վառել կամ կրակը թեժացնել (պաշտոնյաների հակասական հայտարարություններից այդպես էլ անհասկանալի մնաց, թե այս առումով իրականությունը որն է), ինչի արդյունքում բռնկված հրդեհը խլել է պարտադիր ժամկետային զինծառայողներից 15-ի կյանքը:

Մյուս դեպքում զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնականը մարտական դիրքում, չգիտես ինչու, ինքնաձիգը լիցքաթափելիս (մարտական դիրքում ինքնաձիգը սովորաբար լիցքավորում են, եթե պահունակում եղած փամփուշտները կրակվել, վերջացել կամ պակասել են, լիցքաթափման անհրաժեշտությունը դժվար է պատկերացնել), այն էլ, չգիտես ինչու, ոչ թե իրեն, այլ մեկ ուրիշին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս, տվյալ գործողությունը կատարել է զենքի փողը ծառայակցի ուղղությամբ պահած…

Բարդակը միայն բանակում չէ, Նիկոլի իշխանության օրոք այն գրեթե ամենուր է և, ինչպես արդեն նշել ենք, իրավապահ համակարգում՝ նույնպես: Բա որ բարդակ չլիներ, Քննչական կոմիտեում պաշտոնների կնշանակվեի՞ն, կաշխատեի՞ն մարդիկ, որոնք ինքնաձիգի տեսակը զենքի գործարանային համարից չեն տարբերում, կամ տարբերում են, բայց պաշտոնական տեղեկատվությունը փնթի կերպով, բացթողումներով են պատրաստում, հաստատում կամ թույլատրում հրապարակման…

Քննչական կոմիտեն տեղեկացրել է նաև, որ «Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ», «Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է»։

Հետո ի՞նչ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, մարտական դիրքի ավագի օգնականը ձերբակալվել է, այդ գործողությունները մեծ մխիթարությո՞ւն են լինելու կամ, ընդհանրապես, մխիթարությո՞ւն լինելու են շարքային Ա.Ա.-ի ծնողների, հարազատների, մերձավորների համար, որոնց սիրելիի կյանքն այժմ մազից է կախված:

 

Արթուր Հովհաննիսյան