Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն․ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Այս մասին քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով նիստին իր ելույթում նշեց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵԽ-ը և ԵՄ-ը, ինչպես հայտնի է, արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Դեռ մեկ ամիս առաջ է ՄԻԵԴ-ը որոշում ընդունել, որպեսզի Ադրբեջանը բացի փակած ճանապարհը հիվանդների, ճանապարհներին մնացած մարդկանց համար, սակայն Ադրբեջանը այս ամենը պարզապես անտեսեց։ Իմ կողմից բարձրաձայնած հարցերը դեռ վաղուց պիտի լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ միջամտությամբ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն, բայց Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության հարցում։ Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել»,- հավելեց նա։

Ելույթի վերջում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն նշեց, որ ելնելով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի մեր հայտնի միջանկյալ միջոցների, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 26-ի հղված նամակի, և նաև բանավոր մեր ներկայացրած դիմումների՝ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան այս գործն ըստ էության վճռելու:

«Նախ, Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումը և օժանդակությունն այսպես կոչված բողոքների, որոնք խաթարում են անխափան, ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: Երկրորդը, Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, անդադար ազատ տեղաշարժը բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների՝ Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ:

Երրորդը, Ադրբեջանն անմիջապես լիովին կվերականգնի և ձեռնպահ կմնա խաթարելուց կամ խանգարելուց բնականոն գազի մատակարարումը և այլ հանրային ծառայությունների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ»,-նշեց Կիրակոսյանը: