ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողները պատասխանատվության կենթարկվեն

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

«Խորին ցավակցություն ենք հայտնում ադրբեջանական կողմին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակման առիթով։ Համաձայն ստացվող տեղեկատվության՝ այսօր առավոտյան ինքնաձիգով զինված մարդը թափանցել է դիվանագիտական առաքելության շենք և կրակ բացել։ Դրա հետևանքով զոհվել է ադրբեջանական դիվանագիտական առաքելության մեկ աշխատակից, ևս երկու գործընկերներ վիրավորվել են։ Հարձակվողը ձերբակալվել է Թեհրանի ոստիկանության կողմից, վարվում է հետաքննություն։

Հույս ունենք, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է պետության իշխանությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգ աշխատանքի ապահովման կարևորությունը՝ 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ զինված հարձակման մասին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու հոգի։ Թեհրանի ոստիկանապետը տեղեկացրել էր, որ հարձակվողը կալանավորվել է միջադեպից անմիջապես հետո։ Նա նշել է, որ, ըստ նախնական տվյալների, հարձակվողն ունեցել է անձնական և ընտանեկան խնդիրներ։