Ախուրյանում և Փանիկում 2 նոր «Թումո» կենտրոն կկառուցվի. ՀՀ-ում 110 «Թումո տուփեր» կկառուցվեն դպրոցների հարևանությամբ

«Սիմոնյան» կրթական հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների հարևանությամբ 2 նոր «Թումո» կենտրոններ կկառուցի` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջնակներում։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ նախագծի, նոր կենտրոնների կառուցման համար հատկացվել են անհրաժեշտ հողատարածքներ։ Տուփերի առանձնահատկությունն այն է, որ դրանք կառուցվում են շարժական կոնստրուկցիաներից, դրանց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղափոխել:

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ նման «Թումո տուփեր» ավելի վաղ ընդունած որոշումներով հիմնադրամը նախատեսվում է կառուցել նաև Սևան, Արթիկ, Բերդ և Կապան համայնքներում։

«Թումոյի» գործընկերները նախատեսել են 110 նման «Թումո տուփեր» ունենալ ՀՀ տարբեր բնակավայրերում։ Երևանում ևս նախատեսվում է երկու նոր խոշոր «Թումո» կենտրոններ ունենալ: Հիմա քաղաքապետարանը, պետգույքի կոմիտեն և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործընկերները զբաղվածխ են տարածքի ընտրության հարցը լուծեով»,– ասաց Սանոսյանը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ նախատեսված 110 «Թումո տուփերի» կառուցմամբ տեխնոլոգիական կրթության կենտրոններով կծածկվի ՀՀ ամբողջ տարածքը։ Բոլոր համայնքների երեխաները հնարավորություն կունենան կենտրոններ այցելելու։

Ներկա պահին «Թումո» կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում ու Դիլիջանում։

Հայաստանից դուրս ևս արդեն 7 «Թումո» կենտրոն է գործում։ Նման կրթական կենտրոններ ունենալու վերաբերյալ հետաքրքրվածություն են հայտնել նաև Ճապոնիայի, Մեքսիկայի ներկայցուցիչները։