Բայդենը հայտարարել է Ուկրաինային 31 M1 Abrams տանկ ուղարկելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինա 31 M1 Abrams տանկ ուղարկելու մտադրության մասին, հայտնում է CNN-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իրեն խորհուրդ է տվել դիմել այդ քայլին, քանի որ դա կուժեղացնի «իր տարածքը պաշտպանելու և իր ռազմավարական նպատակներին հասնելու» Ուկրաինայի կարողությունը։

«Abrams տանկերը աշխարհի ամենամարտունակ տանկերն են։ Դրանք նաև չափազանց դժվար են շահագործվում և սպասարկվում, այդ իսկ պատճառով մենք նաև Ուկրաինային տրամադրում ենք մասեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են այդ տանկերին մարտադաշտում արդյունավետորեն աջակցելու համար, հնարավորինս շուտ ուսուցանում ենք ուկրաինական զորքերին այդ նյութատեխնիկական և տեխնիկական սպասարկման հարցերում»,- ասել է Բայդենը։

Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, տանկերի առաքումը և ուկրաինական զորքերին լայնածավալ ուսուցումը ամիսներ կտևի: ԱՄՆ-ը պետք է կառավարի տանկերի համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման բարդ շղթաները։

«Այդ տանկերը մարտի դաշտ հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ Ժամանակը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի համոզվենք, որ ուկրաինացիները լիովին պատրաստ են Abrams տանկերը ինտեգրելու իրենց պաշտպանությանը»,- հավելել է Բայդենը:

Նա վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը «հարձակողական սպառնալիք չէ» Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի աջակցությունն ուղղված է Ուկրաինային օգնելու «պաշտպանել իր ինքնիշխանությունը»։

«Սա հարձակողական սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Հարձակողական սպառնալիք չկա»,- ասել է Բայդենը։ Նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, ռուսական զորքերը պետք է վերադառնան «այնտեղ, որտեղ իրենց տեղն է»՝ Ռուսաստան։ «Դա այն է, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ վերջ տալ այս պատերազմին»,- ասել է Բայդենը։

Որպես Ուկրաինային աջակցելու «համաշխարհային» ջանքերի մաս՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել Գերմանիային օգնությունն ուժեղացնելու համար:

Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի իր Leopard 2 տանկերը, եթե ԱՄՆ-ն առաջարկի իր տանկերը։

«Գերմանիան իսկապես ակտիվացել է: Կանցլերը  դարձել է ուժեղ ձայն հանուն միասնության»,- ասել է Բայդենը։ «Ես շնորհակալ եմ կանցլեր Շոլցից՝ գերմանական Leopard 2 տանկերը տրամադրելու համար և կգլխավորեմ ջանքերը՝ երկու տանկային գումարտակների եվրոպական ներդրումը Ուկրաինա ուղարկելը կազմակերպելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կանցլերին իր առաջնորդության և Ուկրաինային աջակցելու մեր հավաքական ջանքերին շարունակական նվիրվածության համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Գերմանիան իր վրա ճնշում չի գործադրել, որպեսզի ինքը հայտարարի Ուկրաինա Abrams տանկեր ուղարկելու մասին։ «Գերմանիան ինձ չստիպեց փոխել իմ կարծիքը»,- ասել է նա։