Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայտարարությանը:

Բազմաթիվ կշտամբանքներով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած մեկնաբանության մեջ առկա են իրականությունը բացահայտ խեղաթյուրող պնդումներ և եզրակացություններ։

«Զարմանք և ափսոսանք է առաջացնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ հունվարի 24-ի հայտարարությունը Լաչինի ճանապարհի (էկոհաբեկիչների կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո Բաքուն միջանցքը ճանապարհ է կոչում․-խմբ) շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ոչ օբյեկտիվ է, չի արտացոլում ճշմարտությունը և կապ չունի կազմակերպության մանդատի հետ»,-ասվում է մեկնաբանության մեջ: Մեկնաբանության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի տարածքներում անօրինական գործունեությունը, որտեղ խիտ բնակեցված է հայ բնակչությունը, սպառնալիք է Ադրբեջանի ազգային անվտանգության համար, և նման անօրինական գործունեությանը պետք է վերջ դնել»։ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին կոչ է արել «անաչառ լինել և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կվնասեն կազմակերպության հեղինակությանը»։

Բաքվի էկոահաբեկիչների կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։