Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով շարժը վերսկսելու վերաբերյալ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով – խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
«Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Լաչինի շրջաններում երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է օբյեկտների և տեղանքի ականազերծումը ։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: