Պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումն ապացուցում են՝ արցախահայերը չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով և Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության և ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում։ Այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի և գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի և ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հանդիպմանը: Տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Հյուրերի խնդրանքով պատգամավորը նախ անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը, Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«Արցախի հարցը տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ հարյուրամյակներ ապրող հայերի ինքնորոշման իրացման հարցն է, որը բխում է միջազգային իրավունքից: Այնտեղ ապրող մարդիկ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունեն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Նշենք, որ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը: Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել և պարզել, թե մեր երկրում իրենց ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորություններ կան: Հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձևավորելու իրենց տեսլականը:

Տիգրան Աբրահամյանն իր հերթին մանրամասնել է իրենց կուսակցության (ՀՀԿ) անցած ուղին, միջազգային գործընկերների հետ գործակցության առանցքը և ծրագրի շրջանակում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը փոխգործակցության հեռանկարներն ու կոնկրետ ուղղություններն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: