Արցախը պայքարելու և հաղթելու է, Արցախով է գալու Հայաստանի փրկությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն է։

  Դավիթ Բաբայանը, մասնավորաբար ասել է․

 «Իրավիճակը շատ բարդ է, մենք  ոչ թե շրջափակման մեջ ենք, այլ գտնվում ենք  պաշարման մեջ։ Արցախը ծանր մարդասիրական խնդիրների առաջ է կանգնած ամեն օր։ Գազամատակարարում չկա, էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակ է,  բոլոր խանութները դատարկ են։ Նույնիսկ մարդիկ են մահացել՝ չունենալով հնարավորություն բժշկական օգնություն ստանալու, քանի որ կա դեղորայքի պակաս։ Որոշ ծանր հիվանդներ Կարմիր խաչի միջոցով տեղափոխվում են Երևան։

88-92 թթ․ ևս Արցախը եղել է պաշարված։ Բայց այն ժամանակ ունեինք հզոր  տնտեսություն, աշխատում ու գործում էին կոլխոզները։ Հիմա նման բան չկա։ Մենք լիակատար աղետի մեջ ենք։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կեղծ տեղեկատվությանը, թե Արցախում բլոկադա չկա, Դավիթ Բաբայանն ասաց․ «Ստո՛ւմ է Ադրբեջանի նախագահը՝ նման  հայտարարություն  անելով։ Այո, Կարմիր խաչը կարողանում է ծանր հիվանդներին բերել-տանել, և ռուս խաղաղապահները կարողանում են  անցնել, եթե այս երկու կատեգորիաները կարողանում են միջանցքով անցնել, ուրեմն  բլոկադա չկա՞։  Արցախի 30 000 երեխաներն այսօր պաշարված են, սովամահ են լինում, Ալիևը կարծում է, թե դրանից իր ընտանիքն արժանանալու է Աստծո բարիքի՞ն,  Ղուրանում է այդպե՞ս է գրված։ Այս աղետի մասնակիցները պատասխան են տալու՝ Աստծո պատժին են արժանանալու»։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, որպեսզի  գործուն քայլեր ձեռնարկեն ու վերացնեն այս խայտառակ իրավիճակը։  Ցավոք, 21-րդ դարում նման գործելաոճ կիրառելը որոշ կառույցների կողմից ընդունելի է, այո,  կան այնպիսիք, որոնք համարում են, թե Ադրբեջանը հուսալի գործընկեր է ու փող են ստանում նրանցից։ Սա  սարսափելի է․․․»։

«Քննարկումներից ու խոսքերից պետք է անցնել գործի, Ադրբեջանը չպետք է մարսի այս հայատյացությունն ու ֆաշիզմի դրսևորումը»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։