«Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը»․ բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

«Համախմբում» շարժման անդամներն այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության շենքի առջև «Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը» կոչով բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով պատժել ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի մեղավորներին։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Առանց բանակ ապագա չկա», «Մեղավորը քո ԴՆԹ-ն է», «Բանակը մեր ողնաշարն է», «Զուգահեռ իրականություններ» գրություններով ցուցապաստառներ, ինչպես նաև հրդեհից զոհված 15 զինվորների լուսանկարները։

«Համախմբում» շարժման ղեկավարներից մեկը` Մենուա Սողոմոնյանը, հայտարարեց, որ ողբերգության առաջին պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երկրորդ պատասխանատուն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Եթե կան միջոցներ «Եվրատեսիլի» համար 5 միլիարդ ծախսելու համար, գաղտնի որոշումներով 500 000 դոլարով վարչապետի և նրա տիկնոջ համար նոր մեքենաներ գնելու համար կամ էլ 2 մլն դոլարով հանրապետության հրապարակը զարդարելու համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միջոցներ չկան մեր անվտանգությունը պահպանող զինվորների համար նորմալ կացարան պատրաստելու համար։ Բնականաբար, կան այդ միջոցները, սակայն եթե դրանք չեն ծախսվում, ապա նշանակում է, որ ուժեղ բանակն առաջնահերթություն չէ կամ էլ չեն տիրապետում իրավիճակին»,–ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ Փաշինյանն ու Պապիկյանը պետք է հրաժարական տան։

«Մեր այս բողոքի գործողությունն  ինչ-որ չափով ուշացած է։ Պետք է վաղուց բողոքեինք, հանգիստ չտայինք այս կառավարությանը, քանի որ այս իշխանության օրոք մեր բանակը դարձել է երկրի խորթ զավակը»,- ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Տպավորություն կա, որ պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարվում է նաև  կառավարության շենքից, և բանակն իրար հետ շատ աղոտ կապ ունեն»: Նրա խոսքով, բանակին պետք է տեխնիկա, որպեսզի նոր ճանապարհներ, բունկերներ կառուցեն, դիրքեր փորեն և այլն, այդ ամեն ինչը պարզապես չկա. «Գնում ես, մարդկանց հետ խոսում ես, ասում են՝ կարո՞ղ եք մեզ մի հատ «Կամացուով» օգնել։ Զարմանում ես՝ այս ամբողջ բանակն իր սեփական «Կամացուն» չունի՞։ Բա այդքան բյուջե է տրամադրվում։ Մեր երկրի  բյուջեի ամենամեծ հատվածը տրամադրվում է պաշտպանությանը»,- ասաց Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ համարյա 1000 սպա է զոհվել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։Եվ այսքանից հետո էլ իշխանությունը քայլ առ քայլ  շարունակում է ջարդել սպայակազմը, որը  բանակի ողնաշարն է։

Նա ընդգծեց, որ նման դժբախտությունը չկրկնվելու, ծնկաչոք չապրելու համար պետք է հեռացնել կառավարության շենքում նստած մարդուն, ում ժամանակը վաղուց սպառվել է, ով քաղաքական հոգեվարքի մեջ է, բայց ինքն իր հոգեվարքը շարունակում է մեր ամեն մեկի հաշվին։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները լուռ երթով շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որպեսզի մոմեր վառեն հրդեհի հետևանքով զոհված 15 զինվորների հիշատակին։