Արցախի մոտեցումը էականորեն տարբերվում է ՀՀ պաշտոնական դիրքորոշումից

Կարելի է ասել, որ Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Արցախի հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականություն հակասում է Արցախի, արցախյան շարժման, արցախյան ազատագրական պայքարի  հիմքում եղած մոտեցումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Արցախն այս փուլում ունի Արցախի հարցի հանգուցալուծման, առհասարակ  գործընթացի շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է ՀՀ պաշտոնական դիրքորոշումից: Ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի հետ կապված Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ: Բնականաբար, սոցիալական, տնտեսական ուղղություններով որոշակի մակարդակի վրա հարաբերություններ ընթանում են»,-ասաց նա:

Աբրահամյանը նկատեց, որ առաջին լուրջ հակասությունը եղել է 2022-ի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ բաց տեքստով խոսում էին այն մասին, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում ապագա ունենալ: Ասում էին, որ Հայաստանը պաշտպանելու համար Արցախը պետք է թողնել բախտի քմահաճույքին: Դրան հետևեց Արցախի ԱԺ 5 ուժերի համատեղ հայտարարությունը, որով անհամաձայնություն հայտնեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսին: Հետո եղան նաև այլ հայտարարություններ:

Հայաստանը հայտարարում է, որ անելիք չի տեսնում քաղաքական և անվտանգային առումով Արցախում, ինչը կողմերի հակադրության կարևոր դրույթներից մեկն է: Հայաստանը փորձում է սահմանափակվել բացառապես հումանիտար ու սոցիալական բնույթի հարցերով: Իսկ առանց Հայաստանի սատարման Արցախը չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել»,-ասաց Աբրահամյանը: