Կիև տանկեր ուղարկելով` մարտերի ավարտը չի մոտենա. Լոնդոնում ՌԴ դեսպանատուն

Ուկրաինային «Challenger 2» տանկեր ուղարկելու բրիտանական ծրագրերը չեն մոտեցնի ռազմական գործողությունների ավարտը, բայց կնպաստեն դրանց սաստկացմանը։ Այս մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպանատունը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հայտնել էր Ուկրաինային «Challenger 2» տանկեր փոխանցելու որոշման մասին։

«Դա, սակայն, լիովին համապատասխանում է առճակատման ձգձգման վերաբերյալ Լոնդոնի քաղաքականությանը, ինչը հաստատվում է «ռազմատենչ» պաշտոնական հռետորաբանությամբ և ռուսական կողմի բազմիցս հնչեցրած բանակցային կարգավորման գաղափարի անտեսմամբ»,– նշել են դեսպանատանը։

Այսպիսով, դիվանագիտական ներկայացուցչության տեսանկյունից, սա հերթական վկայությունն է, որ բրիտանական իշխանությունն անտեսում է հասարակ ուկրաինացիների կյանքը և ավելի ու ավելի ներգրավվում հակամարտության մեջ։

Դեսպանատանը նաև զգուշացրել են, որ ինչ վերաբերում է «Challenger 2» տանկերին, դրանք դժվար թե մարտի դաշտում օգնեն Ուկրաինայի զինված ուժերին փոխել իրավիճակը, սակայն օրինական թիրախ կդառնան ռուսական զենքերի համար։