Արցախցի 50 դիմորդ չի կարող մասնակցել Հայաստանում անցկացվող բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին

Արցախի Հանրապետությունից հայտագրված 50 դիմորդ չի կարող մասնակցել Հայաստանում հունվար-փետրվարին կազմակերպվող 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին։ Ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ։ Տեղեկացված ենք եղել, որ Արցախը նախապես չէր ուզում հունվար-փետրվար ամսիներին կազմակերպել  քննություններ։ Իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեին մասնակցել Հայաստանում անցկացվող հունվարյան քննություններին, ապա պետք է հայտագրվեին ու քննությունները հանձնեին Գորիսում։ Սակայն թշնամու կողմից ճանապարհի շրջափակման պատճառով այդ դիմորդները հնարավորություն չունեն գալ Գորիս ու հանձնել քննություն։ Այդ հարցը մեզ ու Արցախի համար մնում է առկախված։
Բնականաբար, խախտվում է երեխայի քննություն հանձնելու իրավունքը նաև այս տարբերակով»,- ասաց Նասիբյանը։
Նա տեղեկացրեց, որ հայտագրվել է Արցախից 50 դիմորդ,  նրանցից 20-ը «Անգլերեն» առարկայից էին քննություն հանձնելու։ Նրանք բոլորը ցանկանում են իրենց ուսումը շարունակել հայաստանյան բուհերում։

Հայաստանի ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ պետք է մտածեն ու քննարկեն, գուցե երկրորդ հնարավորություն տան արցախցի դիմորդներին։