Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով  հայտարարություն, որտեղ ասված է.

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռևս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարևոր նշանակություն և էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման  և գնահատման համար»: Դատարանը նաև «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները:

Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին:

Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների և մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի  հերթապահության պատճառաբանություններով:

Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»: