Ահա  Նիկոլի ու նիկոլենց ողջ կեղծավորությունը Արցախի բլոկադայի և Լաչինի միջանցքը բացելու հարցում. 2

Ու դեռ իրենց իրավունք են վերապահում Ռուսաստանի, ռուսական խաղաղապահների վրա մուննաթ գալ

Սկիզբը` այստեղ

 

Նիկոլը՝ Հայաստանի, Արցախի և հայության թիվ 1 ներքին թշնամին, բառերով, հայտարարություններով ձևացնում է, թե ուզում է Լաչինի միջանցքը բացվի, վերջ տրվի Արցախի բլոկադային, կեղծավորաբար դիմում է սրան, նրան, Արցախում ռուսական խաղաղապահներին, Պուտինին, խաղաղապահների վրա մուննաթ գալիս, պահանջներ ներկայացնում, իսկ իրականում, փաստացի գործում է հենց Լաչինի միջանցքի բացման դեմ: Փաստերն են վկայում այդ մասին:

Ռուսական խաղաղապահները և, ընդհանարպես, ռուսական կողմը Լաչինի միջանցքը բացելու միայն մեկ տարբերակ ունեն՝ ուժայինը, քանի որ անցած մեկ ամսում միջանցքը բացելու համար Ադրբեջանի և անձամբ նրա նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղան ապարդյուն:

Երբ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին փակեց Լաչինի միջանցքը, հենց նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է խոսել Ալիևի հետ, սակայն հեռախոսային բանակցություններն արդյունք չտվեցին: Այդ ժամանակ պարզ էր արդեն, որ Ադրբեջանը երկարաժամկետ ծրագիր է իրականացնում և ունի հեռուն գնացող նպատակներ, հետևաբար միջանցքը չի բացելու:

Ալիևի հետ Պուտինի անարդյունք հեռախոսազրույցից հետո պարզ էր արդեն նաև այն, որ ՌԴ նախագահին ենթակա պաշտոնյաների բանակցություններն էլ են արդյունք չեն տալու: Հենց այդպես էլ եղավ: Անցած ժամանակաընթացքում ադրբեջանական կողմի հետ բանակցել ու փորձել են միջանցքի բացմանը հասնել թե Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովը, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն, թե պաշտպանության նախարարությունը, սակայն բոլոր փորձերն ու պահանջներն էլ եղել են ապարդյուն:

Մի փոքր հույս կար, որ Պուտինը կարող է արդյունքի հասնել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ին Ալիևին դեմ առ դեմ հանդիպելով ու բանակցելով, քանի որ հեռախոսային բանակցություններից դա ավելի ազդեցիկ է, սակայն թեև նշված հանդիպումը եղավ, բայց այդ հույսն էլ չարդարացավ, Ալիևը շարունակեց մնալ անդրդվելի ու չբացեց միջանցքը:

Ինչ քայլեր են մնում այս ամենից հետո ռուսական կողմին: Դրանք շատ չեն, ընդամենը երկուսն են. կամ ոչինչ չանել, հանդուրժել Արցախի շրջափակման շարունակումը, ինչը, ի վերջո, հանգեցնելու է նրա բնակչության սովահարությանը և ցեղասպանությանը, Ադրբեջանի կողմից այդ կերպ Արցախի խնդիրը վերջնականապես լուծելուն, կամ, վերոնշյալ հեռանկարից խուսափելու համար, Լաչինի միջանցքի վերահսկողությունն իրականացնող խաղաղապահների միջոցով, ուժի կիրառմամբ բացել այն:

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պարզ է, որ Ալիևը վերոնշյալ գործողությունն անմիջապես առիթ է ծառայեցնելու՝ Ադրբեջանի զինված ուժերին ռուսական խաղաղապահներին հարվածելու հրամանի համար: Անտեղյակ ընթերցողների համար նշենք, որ Լաչինի միջանցքի այն հատվածից ոչ հեռու, որտեղ ադրբեջանցիները փակել են ճանապարհը, թշնամին մեծաքանակ զորք է կենտրոնացրել՝ պատրաստ գործի դնելու խաղաղապահների թե ՊԲ-ի կողմից Լաչինի միջանցքն ուժով բացելուց հետո:

Մոսկվային, բնականաբար, այս ամենը հայտնի է, նրան էլ, մեզ էլ պարզ է նաև, որ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը՝ նախորոշված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, թեկուզ Պաշտպանության բանակի հետ միասին, խիստ անբավարար են Ադրբեջանի բանակին դիմակայելու համար: 102-րդ ռազմաբազայի ուժերը՝ նույնպես, բացի այդ, այն նախատեսված է սկզբնական շրջանում, մինչև ռուսական հիմնական ուժերի տեղ հասնելը, թուրքական բանակին դիմակայելու համար:

Ահա այս իրավիճակում, որպեսզի վճռական գործողության՝ Լաչինի միջանցքն ուժով բացելու ժամանակ ռուսական խաղաղապահների թիկունքն այստեղ ամուր լինի, Ալիևը չհամարձակվի խաղաղապահների նկատմամբ ուժ կիրառել, իսկ կիրառելու դեպքում Ադրբեջանի բանակն արժանի հակահարված ստանա, ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 1-ին հայտարարեց Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին, որին, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարության՝ նույն օրը հրապարակված նախարարության կայքում, պետք է մասնակցեն նաև ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները: Հասկանալի է, որ խաղաղապահ զորավարժությունն ընդամենը պատրվակ էր լինելու վճռական պահին այստեղ բավարար զորակազմ ունենալու համար:

Թե ՌԴ ՊՆ-ն որքան է կարևորել նշված զորավարժությունը ու հրատապ համարել այդ մասին հայտարարելը, կարելի է հասկանալ թեկուզ նրանից, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժության անցկացման մասին, չնայած ամանորյա տոներին, հայտարարեց հունվարի 1-ին, երբ համապատասխան պաշտոնյաներն իրենք էլ պետք է զբաղված լինեին Նոր տարին նշելով: Սակայն Նիկոլն իր այսօրվա մամուլի ասուլիսում խորտակեց Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023»-ը՝ շինծու պատճառաբանությամբ հայտարարելով, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ:

«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում,- ասել է Նիկոլը:- Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա»:

Այլ կերպ ասած՝ թող Լաչինի միջանցքը շարունակի մնալ փակված: Համենայն դեպս, Հայաստանում վերոնշյալ զորավարժությունը չանցկացնելու առումով Ալիևի ու Նիկոլի ցանկությունները համընկել են, նրանք ակնհայտորեն ներդաշնակ են գործում, երկուսին էլ ձեռնտու չեն այստեղ նշված զորավարժության անցկացումը և ժամանակային մի փուլում ռուսական ռազմական ներկայության հզորացումը:‰

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան