Ահա  Նիկոլի ու նիկոլենց ողջ կեղծավորությունը Արցախի բլոկադայի և Լաչինի միջանցքը բացելու հարցում

Ու դեռ իրենց իրավունք են վերապահում Ռուսաստանի, ռուսական խաղաղապահների վրա մուննաթ գալ

 

Մի քանի ժամից արդեն կլրանա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Արցախի Հանրապետության բլոկադայի մեկ ամիսը: Արցախում առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի, դիզվառելիքի պաշարներն աստիճանաբար սպառվում են, բնակչությունը սովահարության եզրին է:

«Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի,- նշված է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի այսօր հրապարակված հայտարարության  մեջ:- Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում»։

Հայտարարությունում չի թաքցվում, որ Արցախի բնակչությունը կանգնած է ցեղասպանության առջև. «Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը…»:

Այո, Արցախն Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհի արգելափակումը գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120 000 հայերի համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն  է: Ավելորդ չենք համարում նշել, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն է, անդամներից են վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը և ուրիշներ:

Ահա այս իրավիճակում է, որ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31–ին կայանալիք տոնական համերգի համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ (հատկացվել է, երբ երկիրը կանգնած է պատերազմի առջև, որը կարող է բռնկվել ցանակացած պահի): Հրապարակի մի մասում նիկոլենք մի այլ հատվածում թուրքերը, արաբները, հնարավոր է, նաև ադրբեջանցիները կեսգիշերին քեֆ- ուրախություն են արել, երգել- պարել (համապատասխան տեսանյութը՝ ), նիկոլականները թանկարժեք տոնական հրավառություն են կազմակերպել…

Դե, թուրքերի, ադրբեջանցիների պարագայում հասկանալի է նրանց ուրախանալը, տռչկելը, բայց նիկոլականները, իշխանություններն ինչի՞ վրա կամ ինչի՞ համար էին ուրախանում, երգում- պարում, «սալյուտ» տալիս, … Նրա՞ համար, որ Ադրբեջանը բլոկադայի է ենթարկել Արցախը, Արցախի բնակչությունը կանգնած է սովահարության ու ցեղասպանության վտանգի առջև… Առնվազն անբարո է ու նման է ժանտախտի ժամանակ խրախճանքի: Այս տարվա Ամանորի միջոցառումները զուտ խորհրդանշական բնույթ պետք է ունենային, շատ համեստ կազմակերպվեին, առանց հրավառության, առանց տոնական երգ ու պարի ու, թերևս, միայն երեխաների համար:

Կարծում ենք, հայը չի կարող Արցախի իր ազգակիցների հանդեպ սրտացավ չլինել, իսկ եթե իսկապես սրտացավ է, ոչ թե կեղծավոր, սոսկ բառերով, անպտուղ հայտարարություններով արցախցու մասին մտածող, այս իրավիճակում քեֆ- ուրախության սիրտ չէր կարող ունենալ: Հետևաբար հարց է առաջանում՝ ովքե՞ր են նրանք իրենց գեներով, ինքնությամբ, էությամբ…

Համեմատության համար նշենք, որ Մոսկվան այս տարվա ամանորյա տոնական հրավառությունից հասկանալի պատճառով հրաժարվել է: Ավելին. բրիտանական Սկարբորո քաղաքի (Հյուսիսային Յորքշիր) իշխանությունները չեղարկել են ամանորյա հրավառությունը , որպեսզի հանկարծ չանհանգստացնեն, չվախեցնեն քաղաքում, ծովափին հայտնված ծովացլին: Իսկ նիկոլականների, ինչպես ասում են, «ոտքերին էլ չէր», որ Արցախը բլոկադայի է ենթարկված, բնակչությունը սովի առջև է կանգնած:

Արցախի բլոկադայի և Լաչինի միջանցքը բացելու հարցում Նիկոլի ու նիկոլենց կեղծավորությունը միայն վերը շարադրվածով չէ, որ փաստվում է. Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ զրկելով միակ ցամաքային կապից, իսկ Հայաստանը շարունակում է իր օդային տարածքը տրամադրել Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան չվերթեր կատարելու համար: Հայաստանը չի փակել իր օդային տարածքն Ադրբեջանի համար, ադրբեջանական ինքնաթիռները հենց հիմա էլ անարգել կարող են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ, և իրականացնում են:

Ադրբեջանի համար իր օդային տարածքը չփակած Հայաստանի իշխանությունները՝ նույն Նիկոլը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ հայտարարությամբ կոչ են արել «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով»։

Հիմա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, այլ միջազգային կառույցներն ու շահագրգիռ պետություններն իրավունք չունե՞ն թքելու նրանց ճակատին կամ նրանց այս հայտարարության վրա և ասելու՝ նախ, թասիբ ունեցեք, գնացեք Ադրբեջանի համար ձեր երկրի օդային տարածքը փակեք, հետո նոր միայն Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ ջանքեր գործադրելու, երաշխիքներ ապահովելու կոչ արեք մեզ…

Ադրբեջանական ինքնաթիռների առջև Հայաստանի օդային տարածքը չփակելու պատճառներից մեկը հայտնի դարձավ օրերս (մյուսն արդեն իսկ հայտնի էր): Հունվարի 6-ին հայտնվեց, որ Հայաստանը և Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ են սկսում։ «Anadolu» գործակալության տեղեկացմամբ, 2023թ. հունվարի 1-ից թույլատրվում են ուղիղ օդային բեռնափոխադրումները Հայաստանի Թուրքիայի և Հայաստանի միջև։ Որոշումն ընդունվել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո։

Դե, իհարկե, Գռզոյի աչքը լույս, վերոնշյալ որոշումից առավելապես նա է շահելու, նաև՝ բազմաթիվ նիկոլականներ, Ադրբեջանի նկատմամբ իր հազվագյուտ ճնշամիջոցից՝ մեր երկրի օդային տարածքը փակելուց, Հայաստանի իշխանությունները հրաժարվել են նրանց շահերի համար, անտեսելով նույն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակված լինելը և Արցախի բնակչության օրհասական վիճակը, քանի որ, պարզ է, Թուրքիան Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների որոշումը չէր կայացնի, եթե Հայաստանն Ադրբեջանի համար իր օդային տարածքը փակած լիներ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան