Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջությամբ անհետանալ․ Սամվել Մարտիրոսյանը՝ ռազմական դրության ժամանակ համացանցն անջատելու մասին

Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը, արգելափակել մի շարք կայքերի աշխատանքը և այլն։ Այս թեմայով քննարկման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ թեև նախագիծը առաջ է քաշել Արդարադատության նախարարությունը, բայց պարզ չէ, թե ով է այս փոփոխությունների իրական շահառուն։

«Իշխանություններն ուզում են շատ խիստ ռեպրեսիվ մեխանիզմներ ներդնել՝ ընդհուպ մինչև համացանցի ամբողջական անջատում։ Որքանով ինձ հայտնի է՝ Հայաստանում դեռ ոչ ոք չի փորձել նման բան անել։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս ամենը։ Պատկերացրեք, որ ինչ-որ պաշտոնյայի կվստահեն անջատիչ, և մի օր նա կորոշի, որ ամեն ինչ պետք է անջատել… Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ։ Բջջային կապը կարող է պարզապես ամբողջությամբ անհետանալ։ Մենք ընդհանրապես վատ ենք պատկերացնում մեր երկրի ողջ ենթակառուցվածքը։ Օրինակ՝ մենք չունենք «Կրիտիկական ենթակառուցվածքների մասին» օրենք։ Այսինքն՝ մենք նույնիսկ այս ենթակառուցվածքների ցանկը չունենք։ Իսկ մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է դա պետք պաշտպանել»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ նախագիծը չունի բովանդակային հիմք և նախագծով առաջ է քաշվում միայն գործիքակազմը։