Արցախում արդարադատության նախարարությանը հաջողվել է անցնող տարում ապահովել համակարգի բնականոն գործունեությունը

Անցնող տարում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակել է իր գործունեությունը օրենսդրության կատարելագործման և իրավակիրառական պրակտիկայի բարեփոխման ուղղությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչարյանը՝ անդրադառնալով 2022 թվականին իրականացված աշխատանքներին ու ի հայտ եկած խնդիրներին:

«Անցնող տարում գործուն և սիստեմատիկ բնույթ է կրել համակարգի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ  հսկողությունը, դրա կազմակերպչական և մեթոդական կառավարումը, պրակտիկ օգնության ցուցաբերումն ու ստուգումների իրականացումը, վերհանված թերությունների և բացթողումների քննարկումն ու դրանց վերացման համար համապատասխան միջոցների կիրառումը»,-ասել է Կ. Քոչարյանը:

Նրա հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ, գերատեսչությանը հաջողվել է լուծել առաջադրված խնդիրները և ապահովել համակարգի գործունեության բնականոն ընթացքը:

«2022 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում պետական-իրավական փորձաքննության են ենթարկվել 651 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, որից օրենքներ՝ 109, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր՝ 542: Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայք է ներմուծվել 676 իրավական ակտ»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով գերատեսչության ստերաբաժանումներից հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է, որ 11 ամսիների  կտրվածքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից հարուցվել է 13,608 կատարողական վարույթ, փաստացի կատարման հիմքով կարճվել՝ 5,329-ը, ավարտվել՝ 1,088, ուղարկվել ըստ տարածքային կատարման՝ 3,041։Անավարտ կատարողական վարույթների մնացորդը կազմում է 7,998:

«2022թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված արժեքների ընդհանուր գումարը կազմել է 728 միլիոն 29 հազար 931 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 457մլն 352 հազ. 616 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 132 մլն 242 հազ. 249 դրամ, պետության օգտին՝ 138 մլն  435 հազ. 66 դրամ»,-հավելել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Խոսելով նոր տարվա ակնկալիքներից, Կ. Քոչարյանը նշել է, որ  հետպատերազմյան շրջանում փոխվել է ամեն ինչ՝ անգամ երեխաների ամանորյա ցանկությունները:

«Եթե  մինչ պատերազմը նրանց ցանկությունները նյութական բարիքներ ունենալու հետ էին կապված, ապա  այսօր Ձմեռ Պապիկին ուղղված մեր հայ մանուկների նամակների բովանդակությունն արտացոլում է մեր այսօրվա իրականությունը: Մաղթում եմ, որ գալիք նոր տարին մեր երեխաներին պարգևի միայն ու միայն ժպիտներ և իրականացնի  նրանց նվիրական իղձերը: Թող 2023 թվականը լինի խաղաղության, զարգացման և ձեռքբերումների տարի»,-բարեմաղթել է մեր զրուցակիցը: