Հեղափոխական տրամադրությունները չափազանց մեծ ժխտական էներգիա են հրապարակ իջեցրել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հեղափոխական տրամադրությունները չափազանց մեծ ժխտական էներգիա են հրապարակ իջեցնում, և հաճախ էմոցիոնալ չափազանց մեծ լիցքերի պայմաններում խտրականություն չի դրվում ատելության  չափաբաժինների օբյեկտների նկատմամբ, այդ ատելությունը սփռվում է չորս կողմը: Այս մասին «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Դրանից չի խուսափել նաև Եկեղեցին: Ես դա վերագրում եմ հեղափոխական էյֆորիային: Իհարկե, դա ինչ-որ առումով նաև գեներացվում էր որոշ ուժերի կողմից:

Իհարկե, ավանդական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը ժամանակակից կյանքի պայմաններում շատ ակնհայտ է մոդեռնիզմի դարաշրջանում ժամանակակից  երևալու մոլությունների համատեքստում ընդհանուր առմամբ, ավանդական ընկալումները, ըմբռնումները, նույնիսկ  բարոյականությունը որոշակի խոչընդոտներ են համարվում Հիմա փորձ է արվում այլընտրանքային բարոյականություն ձևավորել: Սրա վառռ օրինակ է, որ ի հայտ է եկել սոցիալական սեռ: Այն հոսանքները, որ հոսում են Արևմուտքից մարդու իրավունքների, ազատությունների գերակայության դրոշի ներքո, չափազանց ուժեղ աջակցություն են ստանում տարբեր կենտրոնների կողմից: Այդպիսի հոսանքներին դիմադրելու համար առաջին հերթին պետք է ունենալ ամուր իշխանություն»:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին, երբ տպավորություն է, թե կարծես ոչինչ չի եղել. «Մենք չենք ասում նիրհել վշտի վրա, կործանվել վշտի տակ, բայց թե ուրախությունը, թե լավատեսական նոտաները պետք է ուղեկցվեն այդ կորստի զգացումի հետ: Չի կարող մոռացության մատնվել և խրախճանքի տրամադրություններ ներարկվել: Մարդիկ ոչ թե պետք է իրականությունից փախուստ տան, այլ գիտակցելով իրավիճակի ծանրությունը, չկոտրվել, չհուսալքվել»: