Մոսկվայում 11 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները

Անկարան «որևէ գործողություն չի ձեռնարկի՝ ուղղված Սիրիայի ժողովրդի դեմ»։ Նման հավաստիացմամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում իր սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ կայացած բանակցություններից հետո։

«Հատկապես ուզում եմ ընդգծել, որ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ մենք ինչ-որ քայլ անենք Թուրքիայում և Սիրիայում ապրող մեր (սիրիացի) եղբայրների դեմ։ Մենք երբեք չենք արել այնպիսի գործողություններ, որոնք դժվարություններ կստեղծեն նրանց համար, և չենք ձեռնարկի դրանք ապագայում։ Բոլորը պետք է իմանան այս մասին և գործեն ելնելով մեր դիրքորոշումից»,- նախարարի խոսքերն է մեջբերում TRT հեռուստաալիքը։

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում 11 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները։ Հանդիպումն անցկացվել է եռակողմ ձևաչափով՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Աքարը, ահաբեկչության դեմ պայքարը եղել է բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը։ Թուրքական կողմը հայտարարել է, որ հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ կարգավորումը հարևան երկրում պետք է իրականացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա։ Բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները։