Բնության վերահսկողությունն այսուհետ իրականացվելու է գերժամանակակից ԱԹՍ-ով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հերթական անգամ հյուրընկալել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային դարձնելուն միտված ծրագրերը։

Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել  DJITB30 տեսակի անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։

ԲԸՏՄ ղեկավարը շնորհակալության իր խոսքում նշել է, որ ԱԹՍ-ն որպես ստուգաչափված գործիք կօգտագործվի վերահսկողության ընթացքում, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ստուգումները, մասնավորապես ընդերքի և անտառների պահպանության ոլորտներում։