Մենք ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման: Նորմալ չհասկանա, աննորմալ ձևերով ենք ստիպելու․ արցախցիները գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում

Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, նրանք պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:

«Պահանջել ենք հանդիպում Անդրեյ Վոլկովի հետ, որպեսզի մեր հարցերը փոխանցենք իրեն, այսինքն իր միջոցով Ռուսաստանի իշխանությանը, սպասելու ենք պատասխանի։ Իրենք ասել են, որ չեն կարողանում գտնել Վոլկովին, կապի չեն կարողանում դուրս գալ, մենք ասել ենք՝ ոչինչ, համբերատար կսպասենք ինչքան պետք է»,- ասել է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ գիշերը այս տարածքում գիշերողների թիվը 100-ի մոտ է եղել՝ կոչ է անելով արցախցիներին՝ միանալ իրենց։ «Դեռ կրիտիկական չափի չենք հասել, բայց ակնկալում ենք ձեր ներկայությունը, որ աշխատանքի վայրից կգաք կմիանաք մեզ: Առավոտյան ժամը 10-ի կողմերը գնացել ենք անցակետ, խաղաղապահներին խնդրել ենք փոխանցել իրենց ղեկավարությանը, որ ամբողջ գիշեր իրենց ենք սպասել: Չենք պատրաստվում այստեղից գնալ, մինչեւ Վոլկովը դուրս չգա եւ մեր հարցերը չլսի: Ասել ենք, որ եթե Վոլկովի կողմից մեր հանրությունն արհամարհվի, մենք ստիպված ենք  լինելու ավելի կտրուկ քայլերի գնալ: Նույնիսկ կարող ենք բլոկ անել անցակետերը, որ ստիպենք, որ մեզ հետ հանդիպի: Եթե շատ մարդ հավաքվի, դա նույն բանը կնշանակի: Ինքը ճիշտ չի վարվում, եթե դու խաղաղապահ ես, մենք էլ խաղաղ մարդիկ ենք, հասարակ, կիրթ մարդիկ ենք: Նման մարդկանց անտեսելը  չգիտեմ՝ ինչ է նշանակում: Մենք ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման: Նորմալ չհասկանա, աննորմալ ձեւերով ենք ստիպելու»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ նրանք երեկ  էին ցանկանում հանդիպել Վոլկովին, սակայն այդպես էլ չհաջողվեց տեսնել ռուս հրամանատարին, այդ իսկ պատճառով էլ որոշեցին գիշերել այդտեղ, սպասում են հնարավորություն լինելու դեպքում անպայման հանդիպել Անդրեյ Վոլկովին։