Միութենական պետություն ստեղծելու գաղափար հիմա էլ կա, այն գալիս է 90–ականներից. Անդրանիկ Քոչարյան

Դեռ 90–ականներին կար Միութենական պետություն ստեղծելու ծրագիր, հիմա էլ նման գաղափար կա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դեռ 90–ականներին ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված, Հայաստան–Ռուսաստան–Բելառուս միության մասին էր խոսքը գնում։ Այդ գաղափարը շարունակական եկել հասել է մեր օրեր։ Ռուսաստանը Բելառուսի հետ Միութենական պետություն ստեղծելու ճանապարհին կցանկանա հնարավորինս շատ մասնակիցներ տեսնել այդ միության մեջ»,–ասաց Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ չի կարող ասել, թե Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել, բայց նպատակների մեջ տեսանելի են նման ցանկություններ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս գործընկերների հետ Միութենական պետության մասին քննարկումներ չեն եղել։