Մեծ պատերազմից հինգ պակաս է. 10

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգում երեկ, այնուամենայնիվ, հաջողվել է կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եռակողմ հանդիպում: Սակայն Լաչինի միջանցքի բացման առումով նշված հանդիպումը, ցավոք, եղել է անարդյունք. Ադրբեջանն այս պահի դրությամբ էլ շարունակում է Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ավտոճանապարհի արգելափակումը:

Ավելին. եռակողմ հանդիպման արդյունքում չի հաջողվել Լաչինի միջանցքը բացելու որևէ պայմանավորվածություն ձեռք բերել, համենայն դեպս, այդ մասին որևէ տեղեկություն չկա, իսկ հրապարակված տեղեկատվությունը հուշում է հակառակի մասին:

Թեև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, լրագրողներին երեկ ասել էր, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ եռակողմ հանդիպում չի լինելու, «բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն», այնուհանդերձ, ՌԴ նախագահին նույն օրը հաջողվել է կազմակերպել հիշյալ հանդիպումը: Պուտինը, Ալիևը և Նիկոլը քննարկել են Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցը:

Ուշագրավ է, որ երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին առաջին անգամ հայտնվել է այսօր, ընդ որում, ՌԴ նախագահի կողմից, իր և Նիկոլի երկկողմ հանդիպման, բանակցությունների ժամանակ: Մինչ այդ եռակողմ հանդիպման մասին ոչ Ալիևն է հայտնել, ոչ Նիկոլը, ոչ էլ, որքան տեղյակ ենք, ռուսական, ադրբեջանական, հայկական կամ որևէ այլ լրատվամիջոց:

«Մենք ձեզ հետ միասին սկսել ենք (քննարկել- ծան.՝ խմբ.), դեռ հաջողվել էլ է երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցը իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանրապես, և հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Պուտինը և խոստացել հանգամանորեն քննարկել այդ հարցերը։

Իսկ ինչու ենք եզրակացնում, որ եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով եղել է անարդյունք: Այդ եզրակացությանն ենք հանգում ելնելով ոչ միայն այն իրողությունից, որ միջանցքը մեր թշնամիների կողմից այս պահի դրությամբ էլ փաստացի մնում է արգելափակված, այլև նկատի ունենալով այսօրվա նույն՝ Պուտին- Նիկոլ երկկողմ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասածները:

Ընդգծենք, որ Նիկոլը գերագույն գլխավոր ստախոս լինելով հանդերձ, այնուամենայնիվ, չէր համարձակվի Պուտինի ներկայությամբ և հենց նրան ուղղված իր խոսքում ստել՝ գիտակցելով դրա անմիջական և ոչ անմիջական հետևանքները…

«Այս պահին ամենակարևորը Լաչինի միջանցքի ճգնաժամն է,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ասել է Նիկոլը Ռուսական թանգարանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:- Դուք գիտեք, որ այն փակ է արդեն գրեթե 20 օր»:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վերը մեջբերված խոսքն ուղղակի վկայությունն է նրա, որ չնայած երեկվա եռակողմ հանդիպմանը, բանակցություններին, Լաչինի միջանցքի արգելաբացման հարցը դեռ չի լուծվել, միջանցքը բացելու որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, Լաչինի միջանցքի ճգնաժամը շարունակվում է:

Նիկոլը, ըստ ՏԱՍՍ-ի նույն հրապարակման, ասել է նաև, որ Լաչինի միջանցքն, արդեն մոտ 20 օր է, չի գտնվում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների վերահսկողության ներքո, պետք է խնդրի լուծման ուղիներ փնտրել։ Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների պատասխանատվության ոլորտն է։

«Ուզում եմ հիշեցնել, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության (2020 թվականի նոյեմբերի 9-ի), Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո,- ասել է Նիկոլը:- Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է Լաչինի միջանցքով ուղևորների և բեռների անխոչընդոտ անցումը։ Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, ինչ տարբերակներ կան (այն հանգուցալուծելու)»:

Հաջորդ տեղեկությունը, որը, մեղմ ասած, լավատեսության հիմք չի տալիս ինչպես Լաչինի միջանցքի արգելաբացման, այնպես էլ Արցախյան հիմնախնդրի լուծման, մեծ պատերազմից խուսափելու և խաղաղության հասնելու առումով, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարությունն է Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման «անընդունելի» լինելու վերաբերյալ:

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիներին,- ասել է Բայրամովը:- Առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների շուրջ»:

Բայրամովն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ասելով, որ միջանցքի կառուցման խոչընդոտը «վնասում է հենց Հայաստանին»։

Կարճ ասած, Ալիևը, Բայրամովը և Ադրբեջանում Ալիևի ոհմակի մյուս անդամները Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսին տիրելուց հետո, ուզում են մնացած 25 տոկոսին էլ տիրել, կլանել Արցախը և այն տեսնել բացառապես Ադրբեջանի կազմում, որպես Ադրբեջանի մաս, որպես Ադրբեջան, բայց իրենց ծոծրակը կտեսնեն, դա չեն տեսնի:

Հայերս պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, բայց պատերազմից չենք վախենում: 44-օրյա պատերազմից առաջ և ընթացքում պետական դավաճանություն չլինելու, պետական դավաճաններ ու ներքին թշնամիներ չունենալու պարագայում, մենք այն կորուստները չէինք ունենա, որ ունեցանք, ավելին՝ չէինք պարտվի, հակառակը՝ պարտվողը նույնիսկ կարող է Ադրբեջանը լիներ, և դա թշնամի պետությունում էլ լավ գիտեն:

Եվ եթե հիմա սկսվեց մեծ պատերազմը, ապա հայերս, նախևառաջ, ներքին թշնամիներից ու պետական դավաճաններից կձերբազատվենք, ընդ որում, շատ արագորեն, ռազմական ժամանակներին բնորոշ խստությամբ և ինքնապաշտպանության սրբազան իրավունքով: Սա ի գիտություն՝ և՛ իրենց, և՛ Ալիևին, Բայրամովին ու մյուսներին…

Երկրորդ. եթե Նիկոլը «խաղաղության պայմանագիր» կոչվածը համարձակվի ստորագրել ոչ թե Մոսկվայի, այլ ԱՄՆ-ի, Արևմուտքի առաջարկած տարբերակով, որով Արցախի կարգավիճակի հարցի լուծումը չի թողնվում հետագա տարիներին, համարվում է, որ Արցախի կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի, կամ Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում, ապա թող իմանա, որ դրանով իսկ ստորագրած կլինի իր իսկ մահավճիռը, քանի որ հայերն իրենց գոյության նկատմամբ ոտնձգած թշնամիների և դավաճանների հետ վարվելու հիշարժան անցյալ ունեն:

 

Արթուր Հովհաննիսյան