ՊԵԿ-ը տուգանել է Պոնչին և Տոմային

ՊԵԿ-ը տուգանել է դերասաններ Տարոն Իսպիրյանին և Թամարա Պետրոսյանին։

ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։  Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ»։

ՊԵԿ-ից նաև նշում են, որ տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։
Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել»։