Թբիլիսին ուզում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում

Վրաստանը կրկին հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խորհրդարանական մակարդակով հարաբերությունների կարգավորման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին «Դեսպանների համաժողով – 2022» ամենամյա համաժողովի բացմանը, հայտարարել Է Sputnik-Վրաստանը։

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ խորհրդարանական ջանքերով նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը», – ասել է Պապուաշվիլին:

Նրա խոսքով՝ այդ ջանքերը տարածաշրջանի զարգացման նախադրյալ կդառնան։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ մեկտեղ ընթացիկ տարում կայունություն չի եղել նաև Հարավային Կովկասում։

Հարկ է նշել, որ Վրաստանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս հարթակ է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Իսկ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել նոր հարթակի ՝ հարևանության խաղաղ նախաձեռնության ստեղծման գաղափարներով, որի շրջանակներում կարող էին լուծվել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր։ 2021 թվականին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ։ 2022 թվականին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։