Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչև մայիս կասֆալտապատվի. Գնել Սանոսյան

Լաչինի այլընտրանքային ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետև մինչև սահման. ընդհանուր 11,7 կմ է. երեք շինարարական ընկերություն է աշխատում, գլխավոր բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, պայթեցումների հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսն արված է, մեր գրաֆիկը հետևյալն է, որ մինչև տարվա վերջ հողային աշխատանքները հիմնականում կավարտենք, զուգընթաց խողովակներն են տեղադրվում, հենապատերը կկառուցենք: Մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակը թույլ տա, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ՝ մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կդառնա երթևեկելի, ընթացքում մյուս շերտերը կդնենք»,-ասաց նա: