Արցախում խորհրդակցություն է անցկացվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարության ենթակա բուժհաստատությունների գործադիր տնօրենների մասնակցությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Տեղի են ունեցել քննարկումներ կապված ոլորտի գործառույթների իրականացման հետ։ Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։

Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրներն ու լուծումների մասին դիտարկումները և նշել, որ հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ, քանի որ առկա խնդրիներն ու մարտահրավերները կարող ենք լուծել միայն թիմային աշխատանքով։ 

Արդեն 12-րդ օրն է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: