Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքների մասին

Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան  փակուղի չեն մտցրել ու նրա գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը չի բարձրացել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որը օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:

«Այդ գինը կարող է լինել ֆինանսական, քաղաքական, ռազմաքաղաքական չափումով, կարող են կիրառվել անձամբ Իլհամ Ալիևի կամ նրա մտերիմների հանդեպ պատժամիջոցներ, բայց պետք է գին բարձրացնել, այլ տարբերակ չունենք: Եվ այդ գինը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը, և այստեղ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ դեր ունի կատարելու»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի պետնախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանի և Արցախի գործողությունները պետք է միտված լինեն ոչ թե Ադրբեջանի հեղինակության նվազեցմանը և  բարոյական հաղթանակներին, այլ Ադրբեջանի պրակտիկ շահերին հարվածելուն:

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: