Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կարող է մարդասիրական լուրջ հետևանքների հանգեցնել. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է մնում վերջին շրջանում Լաչինի միջանցքի փակման հանգամանքով։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Մենք ուրախ ենք, որ գազամատակարարումը տարածաշրջան վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որպեսզի միջանցքն անմիջապես վերաբացվի։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով առօրյա անհրաժեշտ պարագաները կարող են տարածաշրջան ուղարկվել։ Միջանցքի փակումը շարունակվում է մեկ շաբաթից ավելի և մարդասիրական ծանր հետևանքների վտանգ է առաջացրել հատկապես ձմռան ամիսներին։ Մտահոգությամբ ենք արձանագրում նաև, որ քաղաքացիական անձինք մնացել են և չեն կարող տեղաշարժվել։ Նրանց հրատապ վերադարձը նույնպես կարևոր անհրաժեշտություն է», – ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Բրիտանիայի իշխանությունները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։

«Տևական խաղաղության հնարավոր է հասնել՝ միայն դիվանագիտության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում»,- եզրափակել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։