Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Հռոմի պապ

Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Հռոմի Պապը մասնավորապես նշել է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական  ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։

Հռոմի Քահանայապետի հնչեցված այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ հանդիսացող «Վատիկան Նյուզը» ՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների արդյունքում հումանիտար ճգնաժամի եզրին հասցրած Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, ովքեր ներկայումս մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից,  անդրադառնալով նաև միջազգային հանրության արձագանքներին:

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակիչների դեմ: