ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի «Ֆեյսբուքի» էջում:

Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերն ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։

Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։

«Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։

Զեկույցը պատրաստվել է անգլերեն, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ լինել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքման ու հաստատման համար։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի «Ֆեյսբուքի» գրառման մեջ: