Մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իր մտահոգություններ է շարադրել:

Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը. «Արդեն 3-րդ օրացուցային օրն է, ինչ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին փակ է:

Անկեղծ ասած, ցավ ապրեցի, երբ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն առանձին-առանձին հանդես եկան հայտարարություններով:

Այս պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ Արցախում ապրող ժողովուրդը զրկված է գազամատակարարումից, երբ առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված  են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից,  պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում կասեցվել է բնականոն աշխատանքը, կարծում եմ՝ ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին Արցախի հանդեպ Ադրբեջանի հրահրած վերջին սադրանքների մասին իրենց մտահոգություններն ու դատապարտող կոչերը:

Անիմաստ ենք համարում անընդհատ կրկնել 2020թվակնաի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթները, որոնց Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չի մնում, այլև ցանկացած անհիմն պատրվակի տակ կոպտորեն խախտում և խաթարում է Արցախում ապրող ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը:

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարում «օդային միջացք»-ի բացումը և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նման պայմաններում, երբ փակ է միակ ցամաքային ճանապարհը, «օդային միջանցք»-ի բացումը լավագույն այլընտրանքն է հումանիտար աղետի կանխման համար:

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգված է նրա ժողովրդի ապրելու և կյանքի իրավունքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղու  փակման կապակցությամբ: Նա կողմերին կոչ է անում միջանցքով ապահովել անխափան երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, հասցեական հայտարարությունների կարիք ունի:

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի տարբեր ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է, ներկան, բայց ո´չ ապագան: Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու:

Արցախի ժողովուրդը կայացրել է իր հերոսական որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության:

Երախտապարտ ենք աշխարհի տարբեր երկրներին և միջազգային  կառույցներին՝ Արցախում առկա հումանիտար ճգնաժամի առիթով հնչեցրած  կոչերի ու դատապարտող հայտարարությունների համար, սակայն մտահոգություններն ու կոչերը քիչ են, մեզ անհրաժեշտ են գործուն ու տեսանելի քայլեր:

Կարծում եմ՝ տեղին է ասված՝ կարևոր չէ, ով է քեզ դեմ, կարևոր է՝ ով է կողքիդ: Մեր կողքին գտնվող մարդիկ, կամ կազմակերպությունները, կամ դաշնակիցները, կամ ՀՀ մեր քույրերն ու եղբայրները, համահայկական սփյուռքը պետք է գիտակցեն, որ արցախյան հակամարտությունը վերածվել է մահաբեր հակամարտության:

Սիրելի´ հայրենակիցներ

Արցախը չպետք է փնտրել տարածաշրջանի և օտար պետությունների մեջ: Արցախը բոլորիս մեջ է. սա պետք է հասկանանք ամենքս: Եվ եթե յուրաքանչյուրս մեզանում այդ արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք, հայտնաբերենք, ոչ ոք չի կարող ստիպել ապրել պարտադրված երկրում:

Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին է, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, ովքեր արժանի են ուշադրության և հարգանքի:

Համոզված եմ, որ մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք:

Երջանիկ եմ, որ  ապրում եմ Արցախում: Ամեն մի աշխատանքային օր ինձ համար բացվում է այն զգացողությամբ,որ այն վերջինն է իմ երկրային կյանքում: Այս պահին իմ ներաշխարհում  նույնականացված են հայրենիքի համար ապրելու  և նահատակվելու զգացողությունները:

Կյանքը բումերանգ է և պայքար: