Ռուբլին կարող է դառնալ Իրանի և Ռուսաստանի առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ավելի քան 40% -ն իրականացվում է ռուբլով և այն կարող է դառնալ երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍը։

«Մենք կարծում ենք, որ ռուբլին կարող է դառնալ մեր առևտրատնտեսական հարաբերություններում օգտագործելու հիմնական արժույթը։ Այժմ մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելի քան 40%-ն իրականացվում է ռուբլով»,- ասել է դիվանագետը։

Ջալալիի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի միջև ֆինանսատնտեսական համագործակցությունը տարբեր ուղղություններով է ընթանում, որոնցից մեկը «Միր» և «Շետաբ» ազգային վճարային համակարգերի ինտեգրումն է։

Նա նաև նշել է, որ պետք է ջանքեր գործադրեն՝ նվազեցնելու որոշ արժույթների, այդ թվում՝ դոլարի գերակայությունը երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում։