Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատարի բարձր խորհրդականն ընդգծել է հարևանների վրա չհարձակվելու մասին համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը

Ընդգծելով Իրանի ու հարևանների միջև իրար վրա չհարձակվելու մասին համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, նշել է. «Իրանի թշնամիների հիմնական նպատակը ժողովրդին զայրացնելն է և նրանք միավորվել են Իրանի դեմ»: Այս մասին գրում է ParsToday-ը:

Սահմանների կառավարման նոր մոտեցումներին նվիրված առաջին ազգային համաժողովում, Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է. «Հզոր երկիրն այն երկիրն է, որը հզոր է իր սահմանների վրա: Իսկ իր սահմանները վերահսկող երկիրը վերահսկում է իր տնտեսությունը»:
Նա հավելել է. «Այսօր մենք ընդունում ենք տարեկան 5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, սակայն այդ թիվը կարող է հասնել 25 միլիոնի»:
Յահյա Ռահիմ Սաֆավին հավելել է. «Մակրանի ափերից դեպի Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորությունների զարգացումը, նավահանգիստների և երկաթուղիների ընդլայնումը, Չաբահար նավահանգստից բեռների տարանցումն Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և Ռուսաստան, նավթի և գազի երկաթգծով տեղափոխումը Խարկ կղզուց Ջասկի նավահանգիստ և Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելը, գազի խողովակաշարն ավարտին հասցնելն Իրանի աշխարհագրական հնարավորություններն են Իրանական բարձրավանդակում»:
Նա այնուհետև նշել է․ «Մեզ անհրաժեշտ է պաշտպանության և անվտանգության դիվանագիտություն, և դրան հասնելու համար ամենակարևոր խնդիրը տնտեսական և զբոսաշրջային դիվանագիտությունն է։ Տնտեսական հարաբերությունները նպաստում են անվտանգության հաստատմանը, քանի որ անվտանգությունը երկկողմանի է»: