Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 14–ին, արտահերթ նիստ կգումարի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Այս մասին ԱԺ–ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Արտահերթ նիստը կկայանա երևի 13։00-13։30-ի կողմերը»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Երկու օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: