ՍՈՍ. ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲՈԼՈՐԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով՝
- ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ.
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով.
- Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:
Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝
- Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին.
- Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով.
- Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով.
- Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա.
Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝
- Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար.
- Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:
Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է:
Ժամը 15:00-ին հրավիրում եմ մամուլի ասուլիս՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Մնացածը կներկայացնեմ այդ ժամանակ: